ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Ստրասբուրգում հանդիպման ժամանակ ներկայացրել է անվտանգության ապառազմականացված գոտու` ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հրատապությունը։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։
«Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կոպիտ խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրդեհում են արոտավայրեր և այլն»,– նշել է ՀՀ ՄԻՊ–ը:
Նա նաև հատուկ անդրադարձել է Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ ալընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը` ադրբեջանական ԶՈւ նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները:
Շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումը կլինի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից։
«Պետք է լինի անվտանգության գոտի, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում»,– գրել է Թաթոյանը։
Հանդիպման ընթացքում առանձին ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ միջազգային կառույցներ Արցախ չայցելելը խնդիր է ու ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, հայրենիք նրանց վերադարձի հրատապության հարցին։
Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՄԻՊ–ի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորվել է Հայաստանի պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցները: