Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ավանդաբար առաջնահերթ է համարվել պատժիչ բաղադրիչը՝ անտեսելով հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը։
«Հայաստանում ավելի շատ շեշտը դրվում է ինչ-որ կոռուպցիոն դեմքեր բացահայտելու, այդ մասին թմբկահարելու, ինչ-որ քրեական գործեր հարուցել վրա։ Հարուցված գործերի առումով էլ թափանցիկության, հաշվետվողականության մեծ պակաս կա. հանրության համար անհայտ է մնում, թե այդ կոռուպցիոն հանցագործություններն ինչ ավարտ ունեցան` ինչ-որ մեկը դատապարտվեց, թե ոչ, պետությանը հասցված վնասը վերականգնվեց, թե ոչ »,- ասաց նա։
Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ մոդելը, ըստ փաստաբանի, կենտրոնաձիգ, մեկ միասնական մարմին ստեղծելն է։ Փորձը ցույց է տվել, որ տարբեր երկրների օրինակով Հայաստանում ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովներն ու կոմիտեները այնքան էլ նպատակին չեն ծառայում։
Ատովմյանն ասում է` տարիներ առաջ միասնական մարմին ստեղծելու գաղափար եղել է, բայց ինչ-ինչ պատճառներով այն կյանքի չի կոչվել, և որոշվեց առանձին մարմինների ձևաչափով առաջնորդվել` սկզբում ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետո՝ Կոմիտեն, հիմա էլ պատրաստվում են Հակակոռուպցիոն դատարան ստեղծել։
Ատովմյանի կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարում սայլը տեղից չի շարժվում նաև այն պատճառով, որ ոլորտում փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների պակաս կա։ Իրավապահները, որոնք առնչվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության հետ, հաճախ ամբողջապես չեն տիրապետում գործերի նրբություններին ու առանձնահատկություններին։ Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք:
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր