Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ է տրված, արդյունքներին պետք է դեռ մի քիչ էլ սպասենք, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
«Հանձնաժողովի լիազորությունների տեղայնացման տեսանկյունից կարևոր, պետության համար առաջընթաց ապահովող հստակ գործողություն է նոր ներմուծված բարեվարքության ստուգման գործընթացը, որով արդեն պետական կոնկրետ պաշտոնների նշանակման ենթակա անձինք անցնում են բարեվարքության ստուգում։ Այն ենթադրում է կոնկրետ թեկնածուի գույքի, եկամուտի, շահերի հետ կապված ուսումնասիրություն, նույն թեկնածուի նախկինում զբաղեցրած պաշտոնների, կայացրած որոշումների, նրա վարքագծի հիմքով հնարավոր բոլոր տեսակի պատասխանատվության կիրառելիության ուսումնասիրություն, դրա հիման վրա կոնկրետ անձին կոնկրետ պաշտոնում նշանակելու համար բարեվարքության ներկայացում»,– ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։
Հարությունյանի տեղեկացմամբ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ԲԴԽ–ն հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա արդեն ունեցել են դեպքեր, երբ որոշ անձանց բացասական հիմքով կոնկրետ պաշտոնի չեն նշանակել։ Հանձնաժողովն ունի լիազորություն ոչ միայն պետական մարմինների, այլ նաև բանկային գաղտնիքի միջոցով ստուգել, թե արդյոք անձի եկամուտները չեն ավելացել ոչ իրավական հիմքերով կամ եթե ավելացել են, ապա դրանք տնօրինելիս պաշտոնատար անձի ծախսերն արդյոք վկայում են, որ դրանք իրավաչափ չէին կարող լինել։
Հարությունյանը կարևորեց նաև հայտարարագրման համակարգի նորացումը բովանդակային տեսանկյունից. ՀՀ–ում ներդրվել է հայտարարագրման ընդլայնված համակարգ, որը գոյություն ունեցող համակարգերի հետ համեմատելիս շահում է։ Այն ծածկում է մեծաքանակ տվյալներ ու ոլորտներ, որոնց ուսումնասիրության արդյունքներով հնարավորություն է ընձեռնվում կանխել կոնկրետ պաշտոնատար անձի կողմից հնարավոր այն գործողությունը, որն իր մեջ պարունակում է ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ։
«Նախկին կազմով գործող ԱԺ առանձին պատգամավորների նկատմամբ հանձնաժողովը վարույթ հարուցել է և վարչական պատասխանատվության տույժի տեսքով կիրառելու որոշումներ արդեն իսկ կայացվել են։ Եղել են դեպքեր, երբ կասկածի հիմքով գործերն ուղարկվել են դատախազություն։ Սրանք ևս այն հստակ ազդակներն են, որ կոնկրետ վարքագիծն անընդունելի է։ Ունեցել ենք վարույթներ, որոնք որոշ բարձրաստիճան անձանց պարագայում հենց շահերի բախման անհամատեղելիությանն են վերաբերել»,– նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով` թեև պաշտոնի անհամատեղելիության հիմքով հարուցված դեպքերը քանակական առումով գուցե դեռ քիչ են, բայց որակական դրսևորմամբ իսկապես բացառիկ են, որովհետև դրանց նախադեպը չի եղել և հենց դրանց միջոցով է փոխվում պաշտոնատար անձի վարքագիծը և կառավարման մեջ հարաբերությունների մշակույթը։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվել է Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ 2019 թվականի նոյեմբերին։
Հավելենք, որ տվյալ կառույցը հիմնականում իրականացնում է կանխարգելիչ, ուսուցողական գործառույթներ, ինչպես նաև վերլուծում է պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները։