ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Նախկին ԽՍՀՄ երկրներից օտարերկրացիները Ռուսաստան պետք է ժամանեն արդեն ռուսաց լեզվի և ՌԴ օրենքների իմացությամբ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նիստում:
Նիստի ընթացքում ՌԴ մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը հայտարարել է, որ օրենքները խախտող միգրանտների արտաքսման անհրաժեշտություն կա` հիշեցնելով ՌԴ տարածքում միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի դեպքերը:
Մեկնաբանելով երկրում աշխատանքային միգրանտների հետ կապված իրավիճակը՝ Պուտինը կոչ է արել հարցը լուծել ԱՊՀ երկրների գործընկերների հետ: Այսպես, անհրաժեշտ է, որ հեռանկարում Ռուսաստանում աշխատել ցանկացողները նախապես պատրաստվեն դրան։
«Անհրաժեշտ է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են ժամանել մեզ մոտ՝ աշխատելու, արդեն իրենց հայրենիքում նախապատրաստվեն ։ Ուսումնասիրեն լեզուն, մեր օրենսդրությունը, իմանան իրենց իրավունքները»,-հայտարարել է Պուտինը նիստի ընթացքում։
Ընդհանուր առմամբ Մարդու իրավունքների խորհուրդը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության օգտին` ելնելով ինչպես ՌԴ քաղաքացիների, այնպես էլ աշխատանքային ներգաղթյալների շահերից։