Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Վլադիմիր Գասպարյան
Առաջադրված մեղադրանքում հիշատակվում է Վլադիմիր Գասպարյանի կնոջ անունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Քննվող բազմադրվագ քրեական գործով հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը 2000-2018 թվականների ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք գրանցել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։
Այդ կերպ Գասպարյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:
1995-2021 թվականների ընթացքում Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն միայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, բանկային ծախսերի ու կոմունալ վճարումների հարաբերակցությունը կազմել է 2.477.884.177 ՀՀ դրամ:
Դատախազությունը դիմել է դատարան` բռնագանձելու Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքը
Բացի այդ, 2010-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանի կինը, նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, աշխատանքի չի ներկայացել, բայց ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձ է ստացել։
2011-2018 թվականներին Գասպարյանի կինը, առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի, տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի, բայց ավելի քան 19 մլն դրամ գումար է ստացել:
Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015-2018 թվականներին պաշտոնի է նշանակված եղել ՀՀ ոստիկանության զորքերում , բայց երբևէ ծառայության վայր չի ներկայացել, որևէ պարտականություն չի կատարել և շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար է ստացել:
2012-2019 թվականներին Վլադիմիր Գասպարյանը` որպես ՀՀ ոստիկանության պետ, ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ կազմել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևանի Չարենցի փողոցում գտնվող 1,103556 հեկտար հողամասը և 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Բայց Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը, ինչով կանխվել է 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնասը:
Այս բացահայտումներով Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն)և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործով չարաշահումներ են բացահայտվել. նոր քրգործ է հարուցվել