ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատումն են: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ակտիվ աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելով։
Տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ջանքերը նույնպես շարունակվում են: Զախարովան հավելել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին բանակցություններ անցկացրին Սոչիում։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց ունեցավ Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։
ՌԴ նախագահը բանակցություններից հետո հայտարարեց, որ մինչև տարեվերջ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ կստեղծվեն։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։