ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայից Հայաստան խումբ չի ժամանել սահմանագծման ու սահմանազատման նպատակով։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը։
«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ` իրենց խնդիրները քննարկելու։ Մի մոռացեք, որ այստեղ մենք ունենք ռազմաբազա և այլն։ Բայց սահմանագծման ու սահմանազատման նպատակով խումբ չի ժամանել»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։
Sputnik Արմենիան իր հավաստի աղբյուրներից ճշտեց, որ պատվիրակությունը որևէ կապ չունի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների հետ. ՌԴ ներկայացուցիչների այցն աշխատանքային է, նրանք եկել են ծառայողական հարցերով։