«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել է

Վարդենիսում քաղաքացիները փողոց են փակել և պահանջում են ազատ արձակել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի Facebook-ի էջից։
Նշվում է, որ Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը` 5 մանդատ։ Ելնելով արդյունքներից` «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվելու որոշում են կայացրել ու հայտարարություն ստորագրել։
Քաղաքը մնացել է անտեր. Քաջարանի ավագանին դատարանին կոչ է անում ազատ արձակել Փարամազյանին
«Իշխանությունները չհաշտվելով պարտության հետ՝ վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին: Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13: Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար»,– նշված է դաշինքի հայտարարության մեջ:
«Միասնական Վարդենիս» դաշինքից վստահեցնում են, որ իշխանությունները ձայնային առավելություն են փորձում ստանալ ձերբակալությունների միջոցով։ Իշխանությունների այս վարքագիծը և բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում. քաղաքացիները փողոց են փակել ու պահանջում են ազատ արձակել Արամ Հարությունյանին։