ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Ապօրինի կառույցների օրինականացման գրծընթացում մի գիծ է քաշվելու, որից հետո անօրինական կառուցապատումներն այլևս չեն օրինականացվելու։ Հայաստանյան մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում այսկերպ բնորոշեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Բայց, քանի որ կառավարությունը նպատակ չունի, որ արդեն իսկ կառուցված շինությունների սեփականատեր քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն ու ամբողջը քանդվի, կա մի հստակ մեծանիզմ, որով նախատեսվում է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,– ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` հատկապես արագ կարգով պետք է օրինականացման գործընթաց սկսեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ–ի հունվարի 1-ից հետո` մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիները կադաստրի կոմիտե դիմելու համար 2 ամիս ժամկետ կունենան։
Երևան քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացումը կարող է կատարվել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, ՀՀ այլ քաղաքային համայնքներում` մինչև 2024թ–ի հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025թ–ի հունվարի 1-ը։
«Հակառակ դեպքում` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այդ գիծը քաշվելու է ու այլևս ոչ մի ապօրինի շինություն չի օրինականացվելու»,– ասաց Անդրեասյանը։
Բացի այդ, օրինագծով նաև խստացվում է այն համայնքների ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկի համայնքային ու պետական հողերն ապօրինի շինություններից ազատելու ուղղությամբ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ հայտնեց, որ կոմիտեն 2021թ–ին ավարտել է ՀՀ ամբողջ տարածքի օդային լուսանկարահանումը, որի վրա առկա են մինչև 2021թ–ը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները։
«Իսկ 2021թ–ին կառուցված բոլոր ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որոնվ մենք ընդհանուր առմամբ փակելու ենք ՀՀ–ում ինքնակամ շինությունների առկայությունն ու դրանց ինվենտարիզացիան»,– ասաց Թովմասյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե, ի վերջո, մինչև ո՞ր օրը կառուցված շինությունների դեպքում է իրավունք տրվելու օրինականացնել դրանք։
Արդարադատության նախարարը պարզաբանեց, որ դա կախված է օրենքի ընդունման ժամկետից։
«Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն այս գաղափարը չողջունեց` եզրակացնելով, որ կառավարության նիստին հետևող քաղաքացիները հիմա բահերն առել են ու գնում են ապօրինի շինություններ կառուցելու։
«Չէ՛, տենց չի լինի։ Մենք պետք է հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք։ Մենք, փաստորեն, հիմա էս մեր քննարկումով մի հատ մեծ խթան ենք տալիս, որ մարդիկ ամեն ինչ թողնեն, գնան ապօրինի շինարարություն անեն»,– ասաց Փաշինյանը` պնդելով, որ օրենքին պետք է տալ հետադարձ ուժ։
Ի վերջո, գործընթացն արագացնելու ու ժամկետներից օգտվելու հնարավորությունը կանխելու համար որոշվեց օրինագծերի փաթեթը հաստատելուց հետո այն անհետաձգելի կարգով ներկայացնել ԱԺ արտահերթ նիստում քննարկելու ու ընդունելու։