Ինչո՞ւ է Էրդողանն ուզում փոխել իր երկրի անունը, կամ Թուրքիան այլևս Թուրքիա չէ՞

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանափոխման և անգլերենով ու այլ օտար լեզուներով երկրի անունը այլկերպ գրելու վերաբերյալ հրաման է ստորագրել։ Պատճառները վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Sputnik
Նախորդ շաբաթվա վերջին ուժի մեջ մտած Թուրքիայի նախագահական հրամանի համաձայն` «Turkey» գրելու փոխարեն անհրաժեշտ է կիրառել «Türkiye» տարբերակը։ Հրամանագրում ընդգծվում է, որ որոշումը «հերթական համալիր քայլն է, որն արտացոլում է երկրի հարուստ մշակույթն ու ժառանգությունը»։ Նշվում է նաև, որ «Türkiye» գրելաձևն ավելի վառ է արտացոլում թուրք ժողովրդի արժեքները։
Ֆորմալ առումով սա արտահանման ապրանքանիշի փոփոխություն է: Չէ՞ո ր երկիրն իրավունք չունի որոշելու` ինչպես իրեն պետք է անվանեն օտարերկրացիները։ Նախագահի հրամանի համաձայն` այսուհետ թուրքական ողջ արտադրանքը կթողարկվի «Made in Turkey»–ի փոխարեն «Made in Türkiye» գրությամբ։
Էրդողանը փոխել է Թուրքիայի արտահանման ապրանքանիշը
Նույն հրամանում ասվում է, որ օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների հետ նամակագրության ժամանակ «Turkey», «Turkei», «Turquie» և այլ տարբերակների փոխարեն կկիրառվի «Türkiye» տերմինը։ Իսկ ահա սա արդեն, ըստ էության, նշանակում է, որ երկիրը փոխում է իր միջազգային անվանումը։ Այսինքն` Անկարայում ցանկանում են, որ այլ երկրների պաշտոնական մարմիններն ու միջազգային կազմակերպությունները ևս Թուրքիայի կառավարական կառույցներին դիմեն` օգտագործելով երկրի անվանման գրելաձևի նոր տարբերակը։
Տարօրինակ ցանկություն է` հաշվի առնելով, որ այն որևէ կերպ չի տեղավորվում ոչ միայն տրամաբանության շրջանակներում, այլև միջազգային կանոնների։ Աշխարհում ոչ մեկի խելքին չի փչել օտարերկրացիներին մատնացույց անել` ինչպես է պետք անվանել սեփական երկիրն իրենց լեզուներով։ Օրինակ` Մոսկվայում ոչ ոք չի պահանջում, որ բրիտանացիներն իրենց երկիրն անվանեն «Rossiya», այլ ոչ «Russia»։ Ղրղզստանի բնակիչները չեն նեղանում, երբ իրենց պետությունն անվանում են Կիրգիզիա։ Ֆրանսիացիները չեն նյարդայնանում, երբ իրենց մայրաքաղաքն անվանում են «Փարիզ», այլ ոչ «Փարիս»։
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Էրդողանի` Թուրքիան «Թյուրքիե» անվանելու և լատինատառ այն «Türkiye» գրելու կարգադրությունը ժպիտից բացի նաև բնական բարդություններ է առաջացնում։ Բանն այն է, որ լատինական այբուբեններից շատերում «Ü» տառ գոյություն չունի (այսպես կոչված «ումլաութ» – խմբ.)։ Թուրքականում այն հայտնվել է 1928 թվականին, երբ Աթաթուրքը հրամայեց արաբատառ օսմաներենը փոխարինել լատինատառով։ Այդ ժամանակ էլ հենց ստամբուլցի լեզվաբաններին հայ լեզվաբան Հակոբ Մարթայանի (թուրքերը նրան հաճախ Հակոբ Դիլաչար են անվանում) գլխավորությամբ հանձնարարվեց համաձայնեցնել լատինատառ գրությունը բառերի թուրքական արտասանությամբ։ Մարթայանը մեծ աշխատանք կատարեց` թուրքական այբուբենի համար ընտրելով տառեր եվրոպական տարբեր լեզուներից` շվեդերենից, գերմաներենից, ռումիներենից, ալբաներենից։ Եթե նա իմանար, որ իր նորարարությունը 90 տարի անց նման խնդիրներ կառաջացներ...

Ինչո՞ւ է իրականում Էրդողանը ցանկացել վերանվանել երկիրը։ Պատճառներն այստեղ կարծես թե մի քանիսն են։ Դրանցից մեկն այն է, որ Turkey անգլերեն նշանակում է հնդկահավ։ Այս հանգամանքը հաճախ թուրքերի համար վիրավորական կատակների, անեկդոտների, ծաղրանկարների և մեմերի առիթ է դառնում։ Թուրքերին իհարկե վիրավորում է այն հանգամանքը, որ իրենց երկիրը շփոթում են տնային թռչունի հետ, այն էլ արտաքնապես այդքան տգեղ։ Էրդողանի նախաձեռնությունը լուծում է այս խնդիրը։ Այսուհետ թուրքերին ոչ ոք չի կարողանա համեմատել հնդկահավերի հետ։

Էրդողանի նախաձեռնության մյուս պատճառը կապված է Թուրքիայի զբոսաշրջային փառքի ռեսուրսն օգտագործելու ցանկության հետ։ Բանն այն է, որ «Türkiye» գրելաձևը աշխարհում քաջ հայտնի է կակաչների պատկերով հաջող գովազդված Թուրքիայի զբոսաշրջային տարբերանշանի շնորհիվ։ Թուրքիայում եղած օտարերկրացիներն այս օրիգինալ, հիշվող տարբերանշանը լավ գիտեն։ Անթալիայի և Բոդրումի հանգստավայրերում հանգստացածների մեծ մասը էքսկուրսիաների է մասնակցել Սուրբ Սոֆիայի տաճարում և Գալաթայի աշտարակում, զբոսնել է Կապադովկիայի և Եփեսոսի տեսարժան վայրերով, դիտել Ախթամարի և Անիի վանքերը, բարձրացել Նեմրութ և Արարատ, Թուրքիայի մասին դրական տպավորություններ տարել։
Թուրքիան չի ընդունում ԵՄ որոշումները` իրավապաշտպան Օսման Քավալայի վերաբերյալ․ Էրդողան
Եվ «Türkiye» գրությունը նրանց մոտ ամենայն հավանականությամբ դրական հույզեր է առաջացնում. դա էլ հենց ուզում է օգտագործել Էրդողանը։ Չէ՞ որ օտարերկրյա զբոսաշրջիկները հազվադեպ են իմանում, որ վերոնշյալ ամեն բան Թուրքիայի և թուրքերի հետ որևէ աղերս չունի։ Այսպիսով, Էրդողանը դարձյալ իր երկրի համար ցանկանում է կապիտալ ստեղծել Անատոլիայի բնիկ ժողովուրդների (որի ներկայացուցիչներին նրա նախնիները հարյուրավոր տարիներ ապարդյուն փորձել են ոչնչացնել)ժառանգության հաշվին։
Թուրքիայի պատմության մեջ արդեն փորձ եղել է երկրի անվանումը փոխելու միջոցով ձերբազատվել անցանկալի ասոցիացիաներից։ Ժամանակին այդպես էր վարվել նաև Մուսթաֆա Քեմալը։ 1923 թվականի հոկտեմբերին նա, վերացնելով միապետությունը, Օսմանյան կայսրությունը վերանվանել էր Թուրքիայի Հանրապետություն («Օսմանյան հանրապետություն» անվանման տարբերակը Աթաթուրքը նույնիսկ չի քննարկել)։ Այդպիսով երկրի նոր ղեկավարը փորձել է իր երկրի վրայից հանել վատ արարքների պատասխանատվությունը, որ կապված էր Օսմանյան անցյալի հետ։
Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Աթաթուրքը շատ էր ցանկանում, որ Թուրքիայից Եվրոպայում հայտնվող օտարերկրացիների մոտ իր երկիրն ասոցացվի կակաչի և սուրճի հետ, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության և հույների կոտորածի։
Այժմ Էրդողանը հակառակ գործընթացն է սկսում։ Նա աստիճանաբար ազատվում է Աթաթուրքի ժառանգությունից և այն ամենից, ինչ կապված է նրա հետ` ըստ ամենայնի, ցանկանալով ցույց տալ կայսրական, սուլթանական իր ամբիցիաները։ Եվ կարծում եմ, որ երկրի միջազգային անվանումը փոխելու նրա ձգտումը հարկ է դիտարկել հենց այս համատեքստում։