ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագայինին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վարչապետը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական մի շարք խնդիրների փաստը և դրանց կարգավորման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Այս համատեքստում Փաշինյանը շեշտել է միջազգային կառույցների համարժեք արձագանքի կարևորությունը՝ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովման գործում:
Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագանաթ Չափագային իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարության հետ ձևավորվել է արդյունավետ և սերտ համագործակցություն ու ավելացրել, որ ֆեդերացիան ակտիվորեն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու հումանիտար տարբեր խնդիրների լուծմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ֆեդերացիայի կողմից մեր երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին վերաբերող հարցեր: