Հնագետները նոր ապացույցներ են հայտնաբերել, որոնք ցույց են տալիս, որ հայերը ուրարտացիների հետնորդներն են։ Այս մասին է վկայում Կարմիր բլրի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերված խոշոր կառույցը, որը, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես թագավորական ախոռ։
Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Հայ-ավստրիական արշավախումբն այս տարվա հոկտեմբերի 7-ին սկսել է աշխատանքները բլրի տարածքում և մի քանի օր առաջ արդեն ավարտել է։ Հայաստանցի մասնագետները պեղումներ էին կատարում բլրի միջնաբերդից դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում, ավստրիացի մասնագետները՝ հարավային հատվածում։ Վերջին անգամ այստեղ այս ծավալի պեղումներ իրականացրել է հնագետ Բորիս Պիոտրովսկին 1939-1971թթ․-ին։
Պեղումներ Կարմիր բլուրում. Արխիվային լուսանկար
© Photo : provided by Miqael Badalyan
«Այն, ինչ մենք հայտնաբերել ենք պեղումների ընթացքում, հսկայական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ հնագիտական աշխարհի համար։ Մինչև օրս մեր երկրում նմանատիպ կառույց չի հայտնաբերվել»,-ասաց Բադալյանը։
Նրա խոսքով՝ գտածոն թույլ կտա պարզել ուրարտագիտության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև մեր երկիրը ներառել այն երկրների կարճ ցանկում, որոնց տարածքում նմանատիպ շինություններ են հայտնաբերվել։
Ի՞նչ է հայտնաբերվել
Մինչև օրս ընդունված է կարծել, որ Թեյշեբաինին(ուրարտական քաղաք) ոչնչացել է մեծ հրդեհի հետևանքով մ․թ․ա․ 7-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։ Հնագիտական աղբյուրների համաձայն՝ զորքերը սկյութական վառված նետերով հրկիզել են մայրաքաղաքը, ինչից հետո, պատմաբանների կարծիքով, քաղաքն ընկել է։
Պեղումների ընթացքում իսկապես ուժեղ հրդեհի հետքերը հայտնաբերվել են։ Բադալյանի խոսքով` ամրոցի տարածքում հրդեհից հետո գտնվել են նաև մարդկային գործունեության հետքեր։
Թեյշեբաինի տարածքի պեղումները
«Պեղումների ընթացքում մենք 24 մետր երկարությամբ, 14 մետր լայնությամբ հսկայական համալիր ենք հայտնաբերել՝ 1,5 մետր բարձրությամբ պատերով և սալարկված հատակով։ Նույն տեղում նաև ձիու ոսկորներ են հայտնաբերվել։ Դա կարող է վկայել այն մասին, որ տարածքը որպես արքայական ախոռ է ծառայել»,-պարզաբանեց Բադալյանը։
Թանգարանի տնօրենը պնդում է, որ Հայաստանում երկրորդ նմանատիպ շինություն դեռևս չի հայտնաբերվել։ Նմանատիպ, բայց ավելի քիչ գտածոներով շինություններ պեղվել են Իրանի և Իսրայելի տարածքում։
Բադալյանը նշեց, որ շենքերը նման են Հայաստանում պահպանված միջնադարյան քարվանսարաներին։ Այդ իջևանատներում հանգստանալու համար կանգ էին առնում քաղաք մտնող կամ քաղաքով անցնող քարավանները։ Բացի այդ, երբ անվանի հյուրեր էին գալիս քաղաք, նրանց ձիերը պետք է որևէ տեղ հանգստանային։
Սա, գիտնականի կարծիքով, վկայում է իրավահաջորդության մասին, և ևս մեկ ապացույց է, որ մենք ուրարտական պետության ժառանգներն ենք։
Թանգարանի տնօրենը նշեց, որ այս տարի միայն մի հատվածն է պեղվել, մնացած աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022թ․-ին։
Կարևոր է Հայաստանի համար
Հայտնաբերված գտածոները զարգացնում են ուրարտագիտության հայկական հատվածը։ Բադալյանը նշեց, որ իրենց բացահայտածը շարքային շինություն չէ, և դա պարզ է ոչ միայն հայաստանցի մասնագետների, այլև աշխարհի տարբեր երկրների մասնագետների համար։ Ուրարտուի մասին մանիպուլյացիաների և զանազան խոսակցությունների ֆոնին այս գտածոն հերթական ապացույցն է, որ հենց Հայաստանն է այդ հզոր մշակույթի իրավահաջորդը։
Բադալյանը նշեց, որ այս տարածքը կարող է նաև դառնալ Երևանի զբոսաշրջային կենտրոնն ու մեր քաղաքի այցեքարտը։
Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, Երևանի քաղաքապետարանի կողմից կհայտարարվի «Կարմիր բլուր» տարածքի բարեկարգման մրցույթ։ Տարածքն արդեն մաքրվել է շինարարական աղբից։
Պեղումներ Կարմիր բլուրում. Արխիվային լուսանկար
© Photo : press office of the MESCS
Նախատեսված է ավտոկայանատեղիի, փոքր տեղեկատվական կենտրոնի կառուցում, արևային էներգիայի հաշվին լուսավորության տեղադրում, տեսահսկման տեսախցիկների, նստարանների, աղբամանների, ցուցանակների տեղակայում: Նախատեսվում է ներդնել QR կոդերի համակարգ, որի միջոցով, հավելվածի օգնությամբ, այցելուն կկարողանա տեսնել արտեֆակտները և տեղեկություններ ստանալ ամրոցի մասին։