ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանին առաջնագծի բարեկարգման աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նրա խոսքով ՝ռազմական ղեկավարությունն անում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի զինված ուժերը պատշաճ կերպով ապահովված լինեն ենթակառուցվածքներով ու ինժեներական ամրություններով:
«Մենք ամեն ինչ անում ենք մեր զինվորներին ծառայության լավ պայմաններ ապահովելու համար», - ասաց փոխնախարարը:
Արման Սարգսյանը հայտարարեց նաև, որ սահմանի շատ հատվածներում տեղադրված են հարմարավետ մոդուլային տնակներ և կրակակետեր։ Սարգսյանի խոսքով` պետությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում են զինծառայողներին անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում`պարենամթերքով, վառելիքով ապահովելու համար։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայ–ադրբեջանական շփման գծում ի հայտ են եկել նոր պաշտպանական սահմաններ ու գծեր, որոնց կահավորման աշխատանքներն արդեն շուրջ 1 տարի է ընթանում են։