ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայինի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ԱԺ-ի աշխատակազմից։
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել ֆեդերացիայի դերը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման և բնական աղետների դիմակայման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարևորելով Ֆեդերացիայի մանդատը:
ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման և լուծումների շուրջ: