ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով հայկական կողմը 2 վիրավոր ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում են ստացել երկու զինծառայող։ Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 16։25-ից սկսած` ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։
Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։
Դեկտեմբերի 4-ին գերիներից 10-ը Ադրբեջանից վերադարձան Հայաստան։