ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցերով «3+3» տարածաշրջանային հարթակի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10–ին` Մոսկվայում։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ԱԳՆ–ն։
«Հանդիպմանը, որը կանցկացվի Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ–ի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով, մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի «3+3» ձևաչափով նախնական հանդիպմանը։
«Դեկտեմբերի 10-ին կանցկացվի աշխատանքային այդ խմբի նախնական նիստը 3+3, կամ, գուցե, 3+2 ձևաչափում։ Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարարի մակարդակով, քանի որ հանդիպումը նախատեսված է հենց այդ մակարդակով», – ասել էր Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 3+3 ձևաչափը առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցություն է նախատեսում։