ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Զինծառայողը դասալի՞ք է, թե ոչ` նման գնահատական ու որակավորում կարող է տալ միայն քննությունը։ Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որն իջել էր զրուցելու այնտեղ հավաքված գերիների և անհետ կորածների հարազատների հետ։
Հայտնել էինք, որ գերիների և անհետ կորածների հարազատները գիշերն անցկացրել են ԱԺ դիմաց. նրանք վիրավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից, որն ասել էր, թե գերիները դասալիք են, նրանք իր համար գոյություն չունեն։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի Սիմոնյանը պարզաբանի իր ասածը։
«Ունենք գործող ռազմական կանոնակարգեր, որոնց համապատասխան դրույթները բացատրում են` ինչ բան է դասալիքը։ Արդյո՞ք դասալիք է զինծառայողը, թե ոչ` նման գնահատական կարող է տալ միայն քննությունը, մնացած բոլոր որակավորումները հռետորաբանության ոլորտից է»,–ասաց Արսենյանը։
Նրա խոսքով` հրապարակային քաղաքականության մեջ քաղաքական գործիչները երբեմն իրավունք ունեն հռետորական արվեստի շրջանակներում ինչ–որ բաներ ասել, որը մարդկանց համար կարող է որպես կանոն դիտարկվել։ Սակայն դա, ըստ Արսենյանի, կանոն չէ, այլ «оборот речи» է։
«Մարդիկ մարդ են, խոսելու, նախադասություններ անելու, համեմատություններ անելու առանձնահատկությունը բնորոշ է մարդկանց»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց նաև, որ ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա ոչ մի պարագայում չի կարող հրաժարվել ռազմագերիների` հետ վերադարձի պարտավորությունից։ Սակայն գերիների վերաբերյալ բանակցություններում մենք ուժեղի դիրքերից հանդես չենք գալիս։