Որպեսզի մարդը սովից չմահանա, նրան 75 500 դրամ է պետք. ԱԺ–ն քննարկում է 2022թ–ի բյուջեն

Անօթևան տղամարդ
Սոցիալապես անապահով խավը, «Հայաստան» խմբակցության պատգամավորի դիտարկմամբ, կառավարության ներկայացրած բյուջեով 2022–ին ավելի վատ է ապրելու, քան 2021–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջանցիկ աճում են պետական պարտքն ու գները, աղքատությունը մոտեցել է 50 տոկոսի։ Այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` հայտնելով, որ բյուջեի նախագծում իր ներկայացրած սոցիալական բնույթի 10 առաջարկություններից որևէ մեկը կառավարությունը չի ընդունել։
«Այս տարի համարյա 20 տոկոսով աճել են սննդամթերքի գները։ Նաև փաստ է, որ թոշակն ու նպաստն այս ընթացքում չեն ավելացել, նվազագույն աշխատավարձը չի ավելացել։ Բայց նույն առաջանցիկ արագությամբ ավելանում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Այսինքն` այս տարվա կեսին կազմել է 75 500 դրամից ավելի և շարունակում է բարձրանալ։ Այսինքն` որպեսզի մեկ մարդը մի ամսում սովից չմահանա և ոչ թե լավ ապրի, նրան պետք է 75 500 դրամ»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ այսօր քաղաքացուն վճարվող նպաստը 2 անգամ պակաս է, իսկ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է։
Աղքատությունը Հայաստանում ավելացել է. կան սովյալներ
«Տնտեսության պատասխանատուն այս տարի երկնիշ տնտեսական աճ էր խոստանում։ Ո՞ւր է, որտե՞ղ։ Մեզ համար էր խոստանում, մեր երկրի, միլիարդավոր դոլարների ներդրումներ էր խոստանում այս տարվա համար»,– ասաց պատգամավորը` կասկած հայտնելով, որ հաջորդ տարի էլ չի լինելու այն, ինչ կառավարությունը այս տարի է խոստանում։
Իսկ սոցիալապես անապահով խավը, նրա դիտարկմամբ, կառավարության ներկայացրած բյուջեով 2022–ին ավելի վատ է ապրելու, քան 2021–ին։
ՌԱԴԻՈ
Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար
Մեր ապրուստն ինչ է՝ մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ գնաճից կախված