ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, որը Վրաստան է մեկնել երկօրյա աշխատանքային այցով։
Ինչպես հաղորդում Է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև հանցագործությունների դեմ համատեղ պայքարը։
Զրուցակիցները նաև խոսել են Վրաստանի վարչապետի միջնորդության մասին, որի արդյունքում Հայաստան էին վերադարձել 15 գերիներ, իսկ Ադրբեջանը ստացել էր Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը։
Ղարիբաշվիլին հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և նշել` Վրաստանը կողմ է երկխոսությանը, որը կնպաստի տարածաշրջանի խաղաղության ու կայունության ապահովմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ էին հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին: 2021 թվականին Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Երևանի ու Բաքվի միջև։