ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սոչիում կայացած հանդիպմանը փոխըմբռնում կար տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Սակայն ըստ նրա` հետագայում ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունները։
Այսպես է նա մեկնաբանել Իլհամ Ալիևի` վերջերս արած արտահայտություններն այն մասին, որ հայկական կողմը պետք է նշի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները։
«Սոչիում փոխըմբռնում կար, և այն ամենը, ինչ ասել եմ այն ժամանակ, վերահաստատում եմ այսօր։ Եվ այն, ինչ ասել եմ, երեկ իր հայտարարության մեջ հաստատել է ՀՀ ԱԳՆ–ն։ Ես այդ դիրքորոշումն եմ արտահայտել, և այդ դիրքորոշման շուրջ են եղել պայմանավորվածությունները», – ասել է Փաշինյանը։
ՀՀ ԱԳՆ–ն նախօրեին նշել էր, որ ոչ մի «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն չի եղել։
Ավելի ուշ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ալիևի արտահայտությունները Երևանի համար անսպասելի էին։
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։