ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Մոտ ապագայում Ստեփանակերտում անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիա կբացվի: Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի առաջավոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաների համակարգող Սեդրակ Վարդանյանը։
Առաջին նման լաբորատորիան (ArMath օդում) բացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։ Այստեղ թռչող սարքերի մոդելները ստեղծում են և՛ կուրսանտներ, և՛ սովորական վարժարանների աշակերտներ: Այստեղ գալիս են նրանք, ովքեր արդեն անցել են ինժեներիայի հիմունքները միջին դասարաններում ՝ սովորական ArMath լաբորատորիաներում։
Սկզբնական փուլում նրանք սովորում են պատրաստի մոդելների հավաքելու վրա, հետո սկսում են սեփական մոդելներ ստեղծել, ընդ որում՝ իրենք են իրենց համար մոնտաժում ֆյուզելյաժը, թևերը և այլ մասերը։ Ստեփանակերտում լաբորատորիայի բացման մասին արդեն պայմանավորվածություն կա, հիմա դրա համար հրահանգիչներ են պատրաստում։ Այնուհետև նախատեսվում է նույնատիպ լաբորատորիա բացել Մարտակերտում։
«Սա` Արցախի վերաբերյալ, իսկ Հայաստանում պատրաստվում ենք նմանատիպ լաբորատորիաներ բացել Սիսիանում, Գորիսում և Կապանում, ինչպես նաև Գյումրիում, Վանաձորում, Թալինում։ Ես խոսում եմ առաջիկա ամիսների ծրագրերի մասին, հեռանկարում լաբորատորիաներ պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքում», — պարզաբանեց Վարդանյանը։
Բացի այդ, առաջիկայում 15 սովորական «վերգետնյա» ArMath լաբորատորիաներ կբացվեն Սյունիքի մարզի գյուղերում, այդ թվում ՝ Որոտանում, Ճակատենում...
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կրթական ծրագրերի ղեկավար Շամամ Գևորգյանն իր հերթին նշեց, որ և՛ նոր, և՛ գործող լաբորատորիաներում, բացի ռոբոտաշինությունից և 3D հաստոցներով աշխատելուց, կսկսեն ուսումնասիրել և հավաքել «խելացի» համակարգեր գյուղատնտեսության համար, այդ թվում՝ ջերմոցներ, թռչունների ինկուբատորներ և անասնագոմեր (կամ գոնե դրանց ուսումնական մակետները):
Դրա համար առաջիկայում միությունը կհավաքի և կվերապատրաստի հրահանգիչների։ Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշեց, որ նախարարությունը կքննարկի ArMath լաբորատորիաներն օգտագործելու հնարավորությունը ոչ միայն ֆիզիկայի, մաթեմատիկայի և քիմիայի արտադասարանային, այլև հանրակրթական պարապմունքների համար, որտեղ հնարավոր կլինի գործնականում ստուգել մեխանիկայի, էլեկտրամագնիսական դաշտերի կամ ստերեոմետրիայի և եռաչափ պրոյեկցիաների գիտելիքները:
«ArMath» լաբորատորիայի և տեխնոլոգիական մրցույթների կազմակերպիչը UATE-ն է: Կազմակերպությանն աջակցում է ԿԳՄՍ նախարարությունը, ինչպես նաև մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները։
Լաբորատորիաներ են բացվում Հայաստանում, Արցախում և Ջավախքում (Վրաստան)։ Ոլորտի ասոցիացիաների և այլ երկրների կառավարությունների հետ գործընկերային ծրագրերի շրջանակում նման լաբորատորիաներ արդեն բացվել են Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։