ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ճանաչված երգիչ Սևակ Ամրոյանն ամուսնանում է իր ընտրյալի` Քրիստինեի հետ։ Տեղեկությունը սոցցանցային իրենց էջերում հայտնում են զույգի մտերիմները։
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսն այս պահին ընթանում է Dvin Music Haal-ում։
Նշենք, որ Սևակը հանրությունից բավականին ժամանակ խնամքով թաքցնում էր իր ընտրյալին։ Վերջին շրջանում զույգի մի քանի լուսանկարներ տարածվեցին սոցցանցերում։
Այլ մանրամասներ Քրիստինեի մասին հայտնի չեն։
Նշենք, որ Սևակ Ամրոյանը լայն ճանաչում ձեռք բերեց 2007 թվականին, երբ մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 1» նախագծին և հաղթեց։
Սևակ Ամրոյանը սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։
Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում։