ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ռուսական կողմը շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանազատման համար:
Լավրովը նաև ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը:
ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր երկու նախարարների հեռախոսազրույցի մասին: Հայկական կողմը նշել էր, որ զրուցակիցները քննարկել են նաև 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:
Միրզոյանն ընդգծել էր, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև ուժի կիրառման սպառնալիքները տարածաշրջանային կայունության և անվտանգության լուրջ մարտահրավեր են: