ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է հուսալի երաշխիքներ ստանալու հարցում, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բանակցությունների ընթացքում Բայդենը շեշտադրել է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի «սպառնացող» բնույթը։
«Վլադիմիր Պուտինն ի պատասխան ընդգծել է, որ պետք չէ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, քանի որ հենց ՆԱՏՕ-ն է վտանգավոր փորձեր ձեռնարկում ուկրաինական տարածքի յուրացման համար և մեծացնում ռազմական ներուժը ՌԴ–ի սահմանների մոտ», - ասված է հաղորդագրության մեջ:
Այդ իսկ պատճառով Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է, որ հուսալի, իրավաբանորեն ամրագրված երաշխիքներ ստանա, որոնք կբացառեն արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Ռուսաստանին սահմանակից պետություններում հարվածային հարձակողական սպառազինությունների տեղակայումը։
Նշենք, որ Պուտինի և Բայդենի բանակցություններն ընթացել են առցանց ձևաչափով և շարունակվել շուրջ երկու ժամ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի թեման, անդրադարձել կիբեռանվտանգությանը, ռազմավարական կայունությանը, խոսել Իրանի մասին։