ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ բավական շատ են Հայաստանի համար մտահոգիչ կետերը։ Sputnik Արմենայի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
Նրա խոսքով` հայտարարության տեքստում խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի հարցի լուծման անհրաժեշտության վերաբերյալ, փոխարենը նշվում է արցախյան հակամարտության մնացած հարցերի կամ հակամարտությունից բխող հարցերի լուծման անհրաժեշտության մասին։
«Վերջին անգամ այդ հարցը ապրիլին է հիշատակվել, և բացասական միտումն ավելի ակնառու է դառնում։ Կարող ենք ենթադրել, որ փորձ է արվում տուրք տալ Ադրբեջանի այն պնդմանը, որ հակամարտությունը կարգավորված է, և գործ ունենք միայն հակամարտությունից բխող խնդիրների հետ»,- ասաց նա։
Փաստաթղթում գերիների հարցի վերաբերյալ հիշատակում ևս չկա։ Խոսվում է Ադրբեջանում պահվող անձանց մասին, իսկ Ադրբեջանը պնդում է, որ Բաքվում պահվող անձինք գերիներ չեն։ Ղարաբաղի ապամեկուսացման համատեքստում խոսվում է միայն հումանիտար կազմակերպությունների մուտքն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչը ևս մտահոգիչ է։
«Համանախագահները պետք է հարց բարձրացնեին իզոլյացիայի վերացման և միջազգային կազմակերպությունների, լրագրողների, պաշտոնյաների մուտքն Արցախ ազատ թույլատրելու և խնդիրներ չառաջացնելու մասին, բայց մենք տեսնում ենք, որ նրանք բավարարվում են ընդամենը միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքի մասին խոսելով»,- շեշտեց վերլուծաբանը։
Նրա դիտարկմամբ` միայն այն, որ հայտարարությունը հրապարակվել է արտգործնախարարների հանդիպումից 5 օր անց, արդեն իսկ խոսում է այն մասին, որ դրանում տեղ գտած ձևակերպումները հեշտությամբ չեն արվել։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համատեղ հայտարարություն են ընդունել, որը դեկտեմբերի 7-ին հրապարակվել է կազմակերպության կայքում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: