ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
Նա զեկուցումով հանդես է եկել Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Փարիզի Պալե–Ռոյալ թատրոնի շենքում։
«Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին։ Նշել եմ նաև, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,– նշել է Թաթոյանը:
Արման Թաթոյանը Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ (6 դեկտեմբերի, 2021). Փարիզ
© Photo : Arman Tatoyan
Նա ընդգծել է, որ հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի հայկական սփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պատոնյաներ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ–ն աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել դեկտեմբերի 6-ին։ Նա այնտեղ ավելի վաղ հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջը` Ֆրանսիայի ՄԻՊ Կլեր Հենոնի հետ։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանական զինծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում` խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվության հարցին։