ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե հանրությունը միայն բանավոր պայմանավորվածությունների իրագործումից հետո է իմանում դրանց գոյության մասին։
«Իմիջիայլոց ասեմ, որ այդ նարատիվը, որ կան բանավոր պայմանավորվածություններ` ինչ–որ գաղտնի, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»,– ասաց Փաշինյանը։
Արձագանքելով վարչապետի հայտարարությանը` Արմեն Ռուստամյանը զարմացավ.
«Մենք տարբեր աշխարհներում ենք ապրու՞մ»։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտնել, որ նման բանավոր պայմանավորվածություններ կան, ապա հարցրեց. «Ձեզ ուղարկե՞նք ձեր հայտարարությունը»։
Հիշեցնենք` 2020թ–ի դեկտեմբերի 28-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրության պահին Կուբաթլուի (Սանասար) և Զանգելանի (Կովսական) շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդտեղ սահմանային կետերի և ոչ թե սահմանի ճշգրտում իրականացնելու վերաբերյալ։
Նա նշել էր` այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, ՀՀ իշխանությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։