ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 35-ամյա տղամարդու կողմից խանդի և վրեժի շարժառիթով 34-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ տղամարդը, կնոջ հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, համատեղ ձեռք են բերել «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որը գրանցել են տղամարդու անվամբ:
Որոշ ժամանակ անց տղամարդը տեղեկացել է , որ ընկերուհին մտերմիկ հարաբերությունների մեջ է Արմավիրի մարզի մեկ այլ բնակչի հետ և պատրաստվում է ամուսնանալ։
Նրա հարաբերությունները կնոջ հետ լարվել են։ Տղամարդը բազմիցս հնչեցրել է սպանության սպառնալիքներ, պահանջել վերադարձնել համատեղ գնված և իր անվամբ ձևակերպված վերոհիշյալ ավտոմեքենան:
Առկա տարաձայնությունները կարգավորելու համար տղամարդը և կինը պայմանավորվել են և 2020թ. դեկտեմբերի 25-ին հանդիպել Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում, որտեղ տղամարդը, խանդի և վրեժի շարժառիթով, կնոջ վրա կրակել է «ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգից։
Երկու կրակոցից մեկը դիպել է ավտոմեքենայի դռներին, իսկ մյուսը՝ կնոջը, պատճառելով կրծքավանդակի, որովայնի և ձախ բազկի համակցված հրազենային վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: