ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հանրային ծառայողների աշխատավարձերը 2022թ–ին չեն ավելանա։ Այս նպատակով ՀՀ վարչապետի աշխատակազմը ԱԺ–ին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հանրային ծառայողի բազային աշխատավարձը ժամանակավորապես սահմանել նվազագույն աշխատավարձի 70 տոկոսի չափով։
«Գործող իրավակարգավորմամբ ենթադրվում է, որ պետք է բազային աշխատավարձը կազմի նվազագույն ամսական աշխատավարձի 80-110 տոկոսը։ Այս պարագայում մենք, փաստորեն, թողնում ենք նույնը, որովհետև բյուջետային հնարավորությունները թույլ չեն տալիս, որպեսզի առնվազն 80 տոկոսն ապահովվի, այսինքն` 70 տոկոս ենք անցումային սահմանում»,– նախագիծը ներկայացնելիս ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ եթե պետական ծառայողը չի օգտվելու օրենքով սահմանված երաշխիքից ու օրենքի փոփոխությամբ ստանալու է սահմանվածից ցածր վարձատրություն, ապա այդ երաշխիքը անիմաստ է դառնում։
Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ նկատեց, որ գնաճը բերում է հանրային ծառայողների եկամուտների նվազման ու հետաքրքրվեց` ի՞նչ է առաջարկում կառավարությունը` հանրային ծառայողի սոցիալական երաշխիքների առումով։
«Մենք առաջարկում ենք ընդամենը ևս 1 տարի թողնել նույնը` ակնկալելով, որ հաջորդ տարի մենք անդրադառնալու ենք այդ հարցին»,– ասաց Վաչե Քալաշյանը։
Այդուհանդերձ, «Հայաստան» խմբակցությւնը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու կառավարության առաջարկած նախագծին։ Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ` 56 կողմ, 22 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։