ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Google-ը կազմել է 2021 թ.-ի ընթացքում իր որոնողական համակարգում առավել մեծ ժողովրդականություն վայելող հարցումների ցանկը. պարզվել է, որ ամենահաճախակիներից են առողջության հետ կապված հարցումները, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Ըստ Google-ի՝ աշխարհում ամենից հաճախ «գուգլել» են «ինչպես վերականգնվել» հարցը։ Այս հարցումը ռեկորդային թիվ է կազմել։
Մյուս հաճախակի հարցումներ են` «ինչպես հարգել հիշատակը» և «ինչպես պահպանել հոգեկան առողջությունը»։
Բացի այդ, աշխարհում հաճախ են տվել հետևյալ հարցերը` «ինչպես հավատարիմ մնալ ինքդ քեզ» և «որն է իմ կոչումը»։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ որոնողական համակարգում հաճախ են ուղիներ փնտրել նաև աֆղան փախստականներին օգնելու, ասիական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելությունը դադարեցնելու և ամբողջ աշխարհում կարիքավոր մարդկանց աջակցելու համար:
«Սա այնպիսի տարի էր, երբ «Covid–ի դեմ պատվաստանյութի» հանդեպ որոնողական հետաքրքրությունը պաշտոնապես գերազանցել է «COVID-ի թեստավորում» հարցմանը»,-ընդգծել են ընկերությունում, ավելացնելով, որ կտրուկ աճել է «Covid -ի դեմ պատվաստանյութ իմ շրջակայքում» հարցումների թիվը։
Google-ում արձանագրել են, որ ինչպես և 2020 թ․-ին, մարդիկ շարունակել են ուղիներ փնտրել կապի մեջ մնալու և տանը զվարճանալու համար: Ըստ ընկերության՝ այս տարի «Կաղամարի խաղը» հեռուստաշոուն որոնումներով առաջին տեղն Է զբաղեցրել։ Սակայն մարդիկ սկսել են ուղղվել դեպի տնից դուրս կյանքը, մասնավորապես՝ ջինսի տաբատների վերաբերյալ հարցումներ անելով։
Ըստ Google-ի YouTube-ալիքում տեղադրված հոլովակի` մյուս տարածված հարցումների թվում են «նոր լոքդաուն կլինի՞», «որտեղի՞ց ուժ գտնել», «ե՞րբ կկարողանամ պատվաստվել», ինչպես նաև «ինչպե՞ս օգնել մեր մոլորակին»։