ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ԱՊՀ պետությունները ստեղծել են զինված ուժերի կապի համատեղ համակարգ՝ տեղեկատվության փոխանակման և անդամ երկրների բանակների միջև փոխգործակցության համակարգման համար: Տեղեկությունը նշված է համաձայնագրի տեքստում, որը հրապարակվել Է ՌԴ կառավարության իրավական տեղեկատվության հարթակում։ Կապի ընդհանուր համակարգին միացել է նաև Հայաստանը։
Անորոշ ժամկետով կնքված փաստաթղթի համաձայն՝ համաձայնագիրը ուժի մեջ է մտել համար 2021 թվականի նոյեմբերի 28-ից, ընդ որում այն բաց է մնում ԱՊՀ ցանկացած անդամ պետության անդամակցության համար: Բացի Ռուսաստանից ու Հայաստանից, այսօրվա դրությամբ համաձայնագրին միացել են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ենթադրվում է, որ տվյալ համակարգի հիմնական խնդիրներն են լինելու համաձայնագրի մասնակից երկրների ԶՈւ-երի միջև կապի ծառայությունների մատուցումն ու տեղեկատվության փոխանակումը, ռազմական ոլորտում փոխգործակցությունը, ԱՊՀ երկրների կապի և հատուկ կապի ազգային համակարգերի համատեղելիության ապահովումը:
Սրա համակարգումը կիրականացնի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի պետերի կոմիտեն, որի նախագահը կդառնա Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետը:
Փաստաթղթի համաձայն՝ կապի միացյալ համակարգի ուժերի և միջոցների մի մասը մշտական մարտական հերթապահություն է իրականացնելու համաձայնագրի մասնակից երկրների հրամանատարական կետերից:
Ընդ որում, համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են չփոխանցել տվյալ կապի համակարգի աշխատանքի շրջանակներում ստացված տեղեկատվությունը երրորդ երկրներին, ինչպես նաև չօգտագործել ստացված տվյալները՝ ի վնաս տվյալ պայմանագրի մյուս անդամների։