ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է` կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա` գերի ընկնելը լավ բան չէ, քանի որ դա չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն։ Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած` ԱԺ նախագահի մասնակցությամբ տեսանյութին։
Հայտնել էինք, որ գերիների և անհետ կորածների հարազատները գիշերն անցկացրել են ԱԺ դիմաց. նրանք վիրավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից, որն ասել էր, թե գերիները դասալիք են, նրանք իր համար գոյություն չունեն։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի Սիմոնյանը պարզաբանի իր ասածը։
«Գերիների հարցը նուրբ է շատ, քանի որ մի կողմից մենք չենք ուզում, որ մեր որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ հայրենիք վերադարձած գերին իրեն նսեմացած զգա, մյուս կողմից` շատ կարևոր է, որ մեր հանրությունն իմանա` գերի ընկնելը լավ բան չէ։ Հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչու լավ բան չէ, որովհետև դա չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն։ Սա է ամբողջ պատմությունը»,–ասաց Ռուբինյանը։
Հարցին, թե Ալեն Սիմոնյանի հայտարարության առնչությամբ քննարկում չի՞ եղել, Ռուբինյանը պատասխանեց, որ նման քննարկում չեն անցկացրել։
Ռուբինյանի խոսքով` հրապարակված տեսանյութն Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ վերջինս ոչ մի տեղ չի կանգնել ու ասել, թե հիմա հայտարարություն է անում. դա թաքնված տեսանկարահանում է մասնավոր զրույցից։
«Գերներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել»,–ասաց Ռուբինյանը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։