ՄԻՊ աշխատակիցներն այցելել են գերիների` բերման ենթարկված հարազատներին

Բողոքի ակցիա
Պաշտպանի ներկայացուցիչները բերման ենթարկվածների հետ առանձնազրույցներ կունենան, կուսումնասիրվեն ոստիկանություն բերվելու հիմքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն անհետ կորածների և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանության բաժիններ են մեկնել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։
«Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող և բերման ենթարկված անհետ կորած և գերեվարված անձանց հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ»,– նշում են ՄԻՊ–ից։
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
Նշենք, որ ԱԺ տարածքից ոստիկանները բերման են ենթարկել 10 քաղաքացու։
Գերիների ու անհետ կորածների հարազատներից քանիսին են բերման ենթարկել և ինչու. մանրամասներ
Գերիների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը, այս կերպ պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ ինքը գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Սակայն ԱԺ–ից իրենց հայտնել են, որ Սիմոնյանը միայն 2 հոգու կընդունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվել էին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնպես էլ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա էին անում մարզպետարանի շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։