Աշան համայնքի բնակիչը գերության մեջ բռնության է ենթարկվել. Արցախի դատախազություն

Արցախ
Դատաբժշկական փորձաքննությունից հետո Միհրան Մուսայելյանի մարմնի վրա ավելի քան 40 վնասվածք է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ Միհրան Մուսայելյանը, Ադրբեջանում գերության մեջ գտնվելով, ենթարկվել է բռնության։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 2000 թվականին ծնված Միհրան Մուսայելյանը գերի էր ընկել սույն թվականի նոյեմբերի 23-ին. մոլորվելու հետևանքով նա հայտնվել էր Ադրբեջանի հսկողության տակ։ Մուսայելյանը ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին էր վերադարձվել նոյեմբերի 26-ին։

«Մուսայելյանի մարմնի վրա առկա վնասվածքների առաջացման մեխանիզմը, տեղակայությունը և առողջությանը պատճառված վնասի աստիճանը որոշելու նպատակով 2021թ. նոյեմբերի 27-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Եզրակացությամբ, Մուսայելյանի մարմնի վրա հայտնաբերվել էր քերծվածքների ու արյունազեղումների տեսքով 40-ից ավելի վնասվածք»,– ասված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ։

Մուսայելյանի կրծքավանդակի փակ, բութ վնասվածք է եղել՝ կրծքոսկրի մարմնի կոտրվածքի ձևով, որն ուղեկցվել է կրծքավանդակի օրգանների վնասումով՝ ձախակողմյան ենթամաշկային էմֆիզեմիայի ու պնևմոմեդիաստենումի զարգացումներով, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ձեռք բերված տվյալների հիման վրա ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելը մի խումբ անձանց կողմից և ազգային ատելության շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներով, կատարվում է հետաքննություն: