ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
«Մեր երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կնպաստի նրան, որպեսզի երիտասարդները միմյանց հետ շփվելու հնարավորություն ստանան, իսկ դրա լավագույն միջոցը կրթությունը, մշակույթն ու սպորտն են»,-նշել է նախարար Դումանյանը։
Նա ընդգծել է, որ հատկապես գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ:
Ալեքսանդր Կոնյուկն իր հերթին համագործակցության շրջանակներում ընգծել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական ու Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնների արտիստների փոխայցելությունների իրականացումը:
Կողմերն անդրադարձել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը՝ քննարկելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում միջկառավարական համաձայնագրի ստորագրման հնարավորության հարցը:
Նախարարը և դեսպանը կարևորել են նաև սպորտի ոլորտում համագործակցության խորացումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: