Ալեն Սիմոնյանն ու գերիների, անհետ կորածների հարազատները չեն հանդիպել. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը
Էլինար Վարդանյանը հայտնեց, որ իրենք դեռ շարունակում են սպասել, որ իշխող խմբակցությունը կարձագանքի ԱԺ նախագահի մասնակցությամբ սկանդալային տեսանյութին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Տարածված լուրերը, թե գերիների հարազատները հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Իմ տվյալներով` նման հանդիպում այդպես էլ տեղի չի ունեցել, ինչը հերթական անպատասխանատւ վերաբերմունքն է եղած խնդրին ու արդարացիորեն առաջացրել է ծնողների վրդովմունքը»,– ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ գերիների, անհետ կորածների հարազատների պահանջը շարունակում է մնալ մեկը` պատասխանել իրենց հարցերին` մինչև ե՞րբ է շարունակվելու այս վիճակը, ե՞րբ են իրենց զավակները, եղբայրները, ամուսինները վերադառնալու Հայաստան, ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իրենք ևս դեռ շարունակում են սպասել, որ իշխող խմբակցությունը կարձագանքի ԱԺ նախագահի մասնակցությամբ տեսանյութին` արդյոք նրանք կիսո՞ւմ են ԱԺ նախագահի տեսակետը, դա իշխող քաղաքական ուժի ընդհանուր գի՞ծն է, թե՞ ոչ։
Վարդանյանը հիշեցրեց, որ 2020թ–ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է գերիների փոխանակման «բոլորը բոլորի հանդեպ» սկզբունքը, որին ՀՀ իշխանություններն այդպես էլ հետամուտ չեղան։
Ինչո՞ւ են հանձնվել. փաստաբանը հայրենիք վերադարձած գերիների ցուցմունքներն է հրապարակել
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվեցին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա արեցին մարզպետարանի շենքի մոտ։ Նրանց զայրացրել էր Ալեն Սիմոնյանի ասածը։
Թող Ալեն Սիմոնյանը գա, պատասխան տա. գերիների ծնողներն ԱԺ–ի մոտ են գիշերն անցկացրել