ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիները կրակել են ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ պաշտպանական գերատեսչության` տուժածներ չկան։
Հիշեցնենք` Ադրբեջանի պաշտպանության նախարարություն այսօր հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈւ մարտական դիրքերը։ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` շեշտելով, որ դա ապատեղեկատվություն է. հայկական կողմը ադրբեջանական ԶՈւ ուղղությամբ կրակ չի բացել։