Այսօր ունենք սեյսմիկ պաշտպանության համակարգ բոլոր բաղադրիչներով` սկսած մոնիթորինգից, վտանգների գնահատումից, վերջացրած տվյալների բազայի հավաքագրումով ու բնակչության ուսուցմամբ։ Այն գրանցում է նույնիսկ ամենաթույլ մագնիտուդով երկրաշարժը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ, սեյսմոլոգ Սոս Մարգարյանը։
«Սպիտակի երկրաշարժից առաջ մենք չունեինք այնպիսի կառույց, ինչպիսին ներկայիս սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն է, որն այժմ կոչվում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ, և երբ այն ստեղծվեց 1991 թվականին, հիմնական նպատակը սեյսմիկ ռիսկայնության գնահատումն ու նվազեցումն էր Երևանում և մարզերում»,– հայտնեց սեյսմոլոգը։
Ըստ նրա` մարդիկ սովորաբար զգում են համեմատաբար ուժեղ մագնիտուդով երկրաշարժերը, որոնց վերաբերյալ ԱԻՆ–ի պաշտոնական կայքով տրվում է համապատասխան հաղորդագրություն և այդ դեպքում տեսանելի է այն աշխատանքը, որը պարբերաբար իրականացնում է սեյսմիկ ծառայությունը` կատարելով համապատասխան վերլուծություն։
«Երկրաշարժերի կանխատեսումն այսօր էլ աշխարհում համարվում է բարդագույն խնդիր, այդուհանդերձ իրականացվող ամենօրյա մոնիթորինգը չի ներառում միայն դրանց գրանցումը։ Բացի սեյսմոլոգիական ցանցից, ունենք նաև երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական մոնիթորինգի համար նախատեսված սարքեր, որոնց շնորհիվ միշտ ֆիքսվում են երկրակեղևում տեղի ունեցող փոփոխությունները։
Սովորաբար կանխատեսվող են համարվում ուժեղ երկրաշարժերը, երբ որոշ չափով հնարավոր է լինում տեսնել ֆիզիկական դաշտերի փոփոխությունները։ Ընթացիկ տարում ունեցանք երկու երկրաշարժ հինգից ցածր մագնիտուդով, որոնք դասական համակարգմամբ՝ չեն դասվում ուժեղների շարքին և դրանք, վախից բացի, այլ հետևանքներ չեն թողել»,– ասաց սեյսմոլոգը։
Մարգարյանը որպես օրինակ վկայակոչեց փետրվարին Երևանում զգացված երկրաշարժը ու հիշեցրեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո, բարեբախտաբար, Հայաստանի տարածքում նման ուժգնությամբ արհավիրք չի գրանցվել և առհասարակ՝ մեծ ուժգնությամբ երկրաշարժը չի նախապատրաստվում մեկ շաբաթում կամ տասն օրում, դա համեմատաբար երկար գործընթաց է։
Մարգարյանի դիտարկմամբ` յուրաքանչյուր սեյսմիկ գոտի ունի իր բնութագրող մեծությունը կամ սեյսմիկության պարամետրերը, որոնք համարվում են կայուն, ըստ այդմ` մի գոտին կարող է միջինը տասը տարում գրանցել 2-4 մագնիտուդով երկրաշարժ, մյուս գոտին` քսան տարում։
Հայաստանի ու Վրաստանի սահմանային գոտում, Ջավախքում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, ինչը նկատելի է նաև հաղորդագրությունների քանակից, իսկ հարավային խզվածքներում ցնցումների հաճախականությունը ավելի փոքր է, բայց դա չի նշանակում, որ դրանք փոքր պոտենցիալ ունեն, պարզապես բնութագրիչներն են տարբեր։
Նշենք, որ Հայաստանում և հարակից տարածքներում կան մի քանի ակտիվ խզվածքներ, որոնք գտնվում են Ջավախքում, Սյունիք–Փամբակում, Սևանում, Գառնիում։