ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կառավարության դիմաց շարունակվում է անհետ կորածների և գերիների հարազատների բողոքի ակցիան. նրանք իրենց դժգոհությունն են հայտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ ասածների առնչությամբ։
Մի քանի ոստիկան փորձում էին բերման ենթարկել անհետ կորած զինծառայողի հարազատին՝ Արսեն Ղուկասյանին։ Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչից հետո մյուս ցուցարարները ջուր բերեցին նրա համար, մեկն էլ դիմեց ոստիկաններին. «Թող խելքի գա, նոր կտանեք»։
Անհետ կորածներից մեկի ծնողի ինքնազգացողությունը վատացավ
© Sputnik / Aram Nersesyan
Ղուկասյանը «խելքի գալուց» հետո դիմեց ոստիկաններին՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու հիմքերը։
Ոստիկաններից մեկն իր խոսքը սկսեց «Արսեն ջան»-ով, ինչին Ղուկասյանը պատասխանեց. «էլ ջան չի մնացել»։
Մյուս ոստիկանը ներկայացրեց Ղուկասյանի կատարած խախտումը՝ ճանապարհային երթևեկությանը խոչընդոտելը։
Դրանից հետո մյուս ցուցարարները պահանջեցին, որ իրենց էլ բերման ենթարկեն, քանի որ Ղուկասյանը մենակ չի փակել Հանրապետության հրապարակ մտնող չորս փողոցների մուտքերը (Աբովյան, Ամիրյան, Վազգեն Սարգսյան, Տիգրան Մեծ)։
Ցուցարարների պահանջը մնում է մեկը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է գա և պատասխան տա իր ասածների համար։
Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 7-ին, համացանցում է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության` կենթարկվեն քրեական հետապնդման։