«Շուռ տված» ռասիզմ, սեռափոխություն. Արևմուտքը պառակտվել է ձախ-լիբերալ գաղափարների պատճառով

Հիմնական, այսպես ասած, պաշտամունքային լիբերալ արժեքների շուրջ վեճը վաղուց արդեն բարձր տոնով է ընթանում։ Եվ վիճում են հենց բուն Եվրամիության «կորիզում» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա), նաև՝ ԱՄՆ-ում։
Sputnik
Այսօր արևմտյան քաղաքակրթությունում մոլեգնում են կրքեր մի շարք լիբերալ արժեքների շուրջ, որոնք մինչ օրս հասարակական կարծիքի համար անսասան էին թվում։ Այսպես, օրինակ, ի՞նչ կարելի է ասել «ռասիզմ» հասկացության մասին, բացի այն, որ ժամանակակից ինտելեկտուալ ու ողջախոհ մարդու համար այն անթույլատրելի է, անընդունելի է իր բոլոր դրսևորումներով։ Բայց՝ ոչ։
Պարզվում է՝ գործող լիբերալ արժեքների ժամանակակից սանդղակում ռասայական տեսությանը ադեկվատ մարդու նման մոտեցումն ամենևին էլ բավարար չէ։ Կա նույնիսկ «կրիտիկական ռասայական տեսություն» եզրույթը, որը ենթադրում է, որ ինքնին ռասիզմը ոչ թե պարզապես մեկ ռասայի նախապաշարմունք է մյուսի դեմ, այլ «սոցիալ - տնտեսական և մշակութային բնույթի գործոնների բարդ համադրություն»:
Խոսքն այն մասին է, որ նույն մոտեցումը, ասենք, օրենսդրության մեջ տարբեր ռասաների ներկայացուցիչների նկատմամբ դեռ ռասիզմի բացակայության երաշխիք չէ։ Հիմարություն, որն ակնհայտորեն չեղած տեղից է հորինվել։ Արդյունքում այն հանգեցնում է յուրօրինակ «շուռ տված ռասիզմի»։ Հանկարծ ստացվում է, որ քրեական իրավունքը պետք է, օրինակ, սպիտակ ռասայի ներկայացուցիչներին ավելի կոշտ վերաբերվի, քան սևերին կամ ասիացիներին։
Նույնը կրթական օրենսդրության մեջ է, որից «կրիտիկական ռասայական տեսության» կողմնակիցները պահանջում են, որ, օրինակ, ավարտական և ընդունելության քննություններում սպիտակ ռասայի ներկայացուցիչներին նախապես ավելի ցածր գնահատականներ դնեն։ Նման մոտեցումը բացատրվում է մեղքի զգացումով, որը սպիտակ ռասայի ներկայացուցիչներն ունեն սևերի նկատմամբ, բայց դա անկեղծ չէ։

Ինչպես «նեղել» ժամանակակից անհատին

Արևմտյան լիբերալ հասարակության մի մասը հավանություն է տալիս նման մոտեցումներին, մյուսը քննադատում է։ Ընդ որում՝ քննարկումները երբեմն անցնում են բարձր տոներով։ Սակայն նման «շուռ տված ռասիզմի» կողմնակիցների մի մասը, ամենայն հավանականությամբ, այդքան էլ անկեղծ չէ։ Ընդ որում, դա կարող է լինել նույնիսկ չգիտակցված լինել՝ պայմանավորված տարրական վախով հասարակության այն հատվածի հանդեպ, որը կարող է օստրակիզմի ենթարկել անհամաձայններին։
Ի դեպ, նման մոտեցումը, որը մշակվել է անհատի վրա ճնշում գործադրելու համար, նույնպես «գիտական» քողարկում ունի ու «չեղարկման մշակույթ» է կոչվում։ Սա այն դեպքն է, երբ մարդը բացահայտորեն նեղում են կա՛մ սոցիալական ցանցերում, կա՛մ մասնագիտական հարթակում:
Հետաքրքիրն այն է, որ արևմտյան լիբերալ հասարակության շրջանում փոթորկվող տարաձայնությունների մասին նույնիսկ չարժե խոսել։ Դա վերաբերում է և՛ ԼԳԲՏ համայնքի հետ փոխհարաբերություններին, և՛ երեխաների մոտ սեռի փոփոխության քարոզչությանը, և՛ այլ հարցերին։ Ընդ որում, միայն հեռվից է թվում, որ լիբերալ երկրների (ԱՄՆ, Եվրամիություն) հասարակությունը, այնուամենայնիվ, միասնական պոռթկմամբ կրծքով պաշտպանում է այդ «կրիտիկական ռասայական տեսությունն» ու «չեղարկման մշակույթը» և միաձայն հավանություն է տալիս տարրական դպրոցում միասեռական զույգերի ու սեռափոխության մասին տեղեկատվության ուսուցմանը։ Եվ ամենևին էլ հիացած չէ, որ մինչև չափահաս դառնալը երեխաները կարող են տեղեկացված համաձայնվել սեռական հասունացումը երկարաձգելուն, որն անհրաժեշտ է հետագայում սեռափոխության համար։

Երբ նույնիսկ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի լիբերալ «կորիզն» է դեմ

Sputnik-ի պատվերով նոյեմբերի 24-26-ը Ֆրանսիայում հասարակական կարծիքի հարցումներով զբաղվող ամենահին ընկերության՝ IFop-ի՝ Եվրամիության «կորիզում» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) ու ԱՄՆ-ում անցկացրած հարցման արդյունքները բավական հետաքրքիր եզրակացությունների են հանգեցնում: Ստացվում է, որ լիբերալ ֆրանսիացիները մեծամասամբ դեմ են «չեղարկման մշակույթին»՝ 38 տոկոսն ընդդեմ 33 տոկոսի։ Ճիշտ է, երիտասարդության շրջանում մեծամասնությունը ողջունում է նման «հանրային օստրակիզմը» (41% ընդդեմ 24%-ի)։ Բայց ավագ սերունդը տրամագծորեն հակառակ կարծիքին է. գերակշռում են նրանք, ովքեր դեմ են արտահայտվում չեղարկման մշակույթին (43%), ու միայն 30%-ն է պաշտպանում այն։
Նույնը վերաբերում է տխրահռչակ «կրիտիկական ռասայական տեսությանը»։ Ֆրանսիայում հարցման մասնակիցների 45 տոկոսը դեմ է դրան, ևս 39 տոկոսը չի կողմնորոշվել: Ավելի քան կեսը բացասաբար է վերաբերվում անչափահասների սեռական հասունության մեջ բժշկական միջամտությանը՝ 52% ընդդեմ 27%-ի:
Հետաքրքիր է, որ ֆրանսիացիները, ըստ էության, ավելի հանդուրժող են նույնասեռական զույգերի նկատմամբ. նրանց մասին տարրական դասարաններում դասավանդելը ողջունելի է մեծամասնության համար (48% ընդդեմ 34%): Ճիշտ է, մեծամասնությունը, այնուամենայնիվ, դեմ է, որ երեխաները դպրոցում մանրամասն պատմեն սեռի փոփոխության մասին (41 % կողմ, 42 % դեմ)։ Եվ հասկանալի է, որ կարծիքների այս բոլոր ցուցանիշները տատանվում են 35-ից ցածր ու բարձր տարիքային խմբերի միջև։
Մի շարք դեպքերում երիտասարդ սերունդը շատ ավելի լիբերալ է տրամադրված։ Ինչպես ընդունված է ասել՝ «փոփոխությունների է սպասում»։ Ե՛վ տարրական դասարաններում համասեռամոլության թեմայի ուսուցմանը, և՛ «չեղարկման մշակույթին», և՛ սեռափոխությանը վերաբերում է ավելի քան հանդուրժողաբար, եթե չասենք, որ իրականում ազատություն է պահանջում բառացիորեն ամեն ինչում, ինչ հնարավոր է, ընդհուպ մինչև փորձերը սեռական կյանքում:

Լիբերալիզմին խանգարող «ռետրոգրադ» սերնդի վարկածն անիրագործելի է

Սակայն պետք է հասկանալ, որ հարցը ոչ միայն և ոչ այնքան սերնդափոխության մեջ է։ Չէ որ, իրոք, ենթադրվում է, որ ներկայիս երիտասարդությունն իր էությամբ ավելի լիբերալ է։ Սակայն այդ գործոնը բնավ առաջնային չէ այն առումով, որ մարդուն ընդհանրապես բնորոշ է տարիքի հետ ավելի համբերատար, ավելի զգուշավոր ու խոհեմ դառնալը։
Այնպես որ, սխալ կլինի ենթադրել, որ հին, այսպես ասած, «ռետրոգրադ» սերունդը մի քանի տասնյակ տարի անց կմահանա, և Երկիր մոլորակի վրա միայն լիբերալ տրամադրված մարդիկ կապրեն։ Ավելի շուտ, կարելի է հավատալ, որ 20-ամյա երիտասարդները, որոնք այժմ պահանջում են ազատ ընտրություն սեքսի ու սեռի փոփոխության հարցում, որոնք կարծում են, որ օստրակիզմը միանգամայն ընդունելի բան է, անցնելով որոշակի տարիքային շեմ (պայմանականորեն, 35 տարեկանը), կփոխվեն:
Սպիտակնե՞րը, թե՞ կարմիրները. Sputnik–ի հարցումը Եվրոպայում ու կարծիքները` Հայաստանում
Դե, ֆրանսիացիները ավանդաբար ներքուստ ավելի ազատ են (հիշենք liberté, égalité, fraternité – ազատություն, հավասարություն, եղբայրություն) իրենց արտահայտություններում, ցանկություններում ու կյանքի ոճում: Բայց եթե նույնիսկ նրանց մեծ մասի մոտ տխրահռչակ «լիբերալ արժեքներն» առանձնապես հիացմունք չեն առաջացնում, ապա ինչ կարելի է սպասել, ասենք, շատ ավելի պահպանողական ԱՄՆ-ից կամ Մեծ Բրիտանիայից։ Իսկ Գերմանիայի՞ց։
Հետաքրքիր կլիներ համեմատել, և ահա թե ինչ ստացվեց։ Եթե տարրական դպրոցներում սեռի փոփոխության մասին դասավանդմանը ֆրանսիացիների 41%-ը կողմ է, 42%-ը՝ դեմ, ապա նույն ԱՄՆ–ում այդ ցուցանիշները հետևյալն են՝ 48% դեմ, 40%՝ կողմ։ Գերմանիայում «նորարարությանը» դեմ է 53%–ը, ու միայն 37%-ն է կողմ։ Զարմացնում են սովորաբար ավանդապաշտ բրիտանացիները։ Այնտեղ մեծամասնությունը կողմ է՝ 44% -ն ընդդեմ 39% -ի։

Բոլոր տեսակի «կանաչներ», վարդագույն-երկնագույներ և այլն…

Հանրային օստրակիզմի (կամ «չեղարկման մշակույթի») մասին նույնպես շատ հետաքրքիր պատկեր է ուրվագծվում։ ԱՄՆ-ում 50%-ը դեմ է, ու միայն 30%-ն է կողմ։ Գերմանացիների ու բրիտանացիների մեծ մասը նույնպես հիացած չէ՝ 49–ական տոկոս դեմ է «չեղարկման մշակույթին» ընդդեմ 27-ի (Բրիտանիա) ու 29-ի (Գերմանիա)։
«Կրիտիկական ռասայական տեսության» դեպքում իրավիճակն էլ ավելի վատ է։ Ամերիկացիներն ու գերմանացիները չեն ընդունում այդ նորարարությունը հետևյալ տոկոսներով՝ ԱՄՆ՝ 53 % դեմ, 27 % կողմ, Գերմանիա՝ 54 % դեմ, 24 % կողմ։ Բրիտանացիների մոտ էլ ավելի քիչ են ընկալում «կրիտիկական ռասայական տեսությունը»՝ ընդամենը 19 տոկոս: Ըստ երևույթին, դրա վրա ազդում է գաղութային անցյալը։
Արդյունքում ունենք հետևյալ պատկերը։ Այնտեղ, որտեղ ուժեղ են ժողովրդավարական կուսակցությունների, «կանաչների», վարդագույն-երկնագույնների դիրքերը և այլն, դպրոցներում միասեռական զույգերի մասին տեղեկատվության դասավանդման ու հասարակության մեջ սեռի փոփոխության գաղափարը արդեն տիրապետում է մտքերի կեսին: Դա ի սկզբանե հասկանալի էր, եթե հաշվի առնենք վերջին տարիների գաղափարական ու տեղեկատվական ճնշումը։
Սակայն նույնիսկ այդ երկրներում դեռ չեն հասել այն բանին, որ պետք է համաձայնել միջամտել երեխայի առողջությանը ու դադարեցնել սեռական զարգացումը։ Կամ, որ օստրակիզմը՝ «չեղարկման մշակույթը», պետք է հասարակության մեջ նորմ դառնա։ Կամ որ ժամանակակից քաղաքակրթությունը պետք է զարգանա այն պարադիգմի մեջ, որը թելադրված է «կրիտիկական ռասայական տեսությամբ»։ Այնպես որ, մարդկային քաղաքակրթության համար կարծես թե ամեն ինչ կորած չէ։
«Մեր տուն մի խցկվեք»․ Պուտինը դիմել է Արևմուտքին
Նշենք, որ Sputnik-ի համար անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 4010 մարդ: Այդ թվում՝ Ֆրանսիայում` 1010, Մեծ Բրիտանիայում՝ 996, Գերմանիայում՝ 1003, ԱՄՆ-ում՝ 1001 մարդ։
Հարցումն անցկացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-26-ը Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: Հարցազրույցն անցկացվել է առցանց հարցաթերթիկի միջոցով՝ թերթիկն ինքնուրույն լրացնելու տարբերակով։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր երկրի տվյալների համար ընտրանքի առավելագույն սխալը + / - 3,1% է 95% վստահության հավանականության դեպքում: