ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է անում ավելի շատ ջանքեր գործադրել տեղահանված անձանց և փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինն այդ մասին հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:
«Մենք շահագրգռված ենք, որ ՄԱԿ–ի ՓԳՀ–ն ավելացնի աշխատանքները տեղահանված անձանց և փախստականներին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,-ասել է Կուզմինը։
Դիվանագետը նշել է` ՓԳՀ-ն կարող համալիր աջակցություն ցուցաբերել՝ ապաքաղաքականացված հիմքով, խնդիրների նեղ մարդասիրական բնույթի շեշտադրմամբ։
«ՓԳՀ-ին կոչ ենք անում շարունակել Երևանի և Բաքվի հետ երկխոսությունը տարածաշրջանում հումանիտար հասանելիություն ստանալու համար»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: