«Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է բողոքարկել որոշ ընտրատեղամասերի արդյունքները

Աբովյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՔՊ նաև վերահաշվարկի դիմումներ է ներկայացնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, պատրաստվում է 29-րդ ընտրատարածքի` շուրջ 41 ընտրական տեղամասից թվով 25 խոշոր ընտրատեղամասերում բողոքարկել արդյունքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում 1 մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները։ Ներկայացնելու ենք նաև վերահաշվարկի դիմումներ»,– նշել է Պետրոսյանը։
Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. Խաչատրյանը` ՏԻՄ ընտրությունների մասին
Նա ընդգծել է, որ նման որոշում են կայացրել` վերլուծելով տարբեր ընտրատեղամասերից իրենց վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չեն մասնակցել ընտրություններին, քանի որ դեմ են համայնքների խոշորացմանը։