Պետք է ևս մեկ անգամ պարտավորվենք, որ անելու ենք հնարավորը. նոր փոխվարչապետը Գյումրիում է

Համբարձում Մաթևոսյանը Գյումրիում է
Ամեն տարի դեկտեմբերի 7-ին գյումրեցիներն իրենց օրը սկսում են խնկարկումով ու անմեղ զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ` ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և այլք Գյումրիում են։
Ծաղիկներ` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին (7 դեկտեմբերի 2021). Գյումրի
Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, ամեն տարվա պես, այս տարի ևս հիշատակի պատարագ մատուցվեց, որից հետո 11:41-ին քաղաք այցելած բարձրաստիճան պաշտոնյաները գյումրեցիների հետ միասին ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Հուշակոթողի մոտ կատարվեց հոգեհանգստի կարգ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ:
Ծաղիկներ` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին (7 դեկտեմբերի 2021). Գյումրի
Երկրաշարժից 33 տարի է անցել, սակայն արհավիրքի հետևանքներն ու բերած խնդիրներն աղետի գոտում դեռ առկա են: Անօթևանություն, տնակներ, գործազրկություն՝ բոլոր իշխանությունների ժամանակ էլ դրանք ամբողջովին վերացնելու խոստումներ են տրվել: Այս տարի ևս խնդրի լուծման տարբերակն ավելի շատ խոստման տեսքով էր:
Ծաղիկներ` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին (7 դեկտեմբերի 2021). Գյումրի
«Պետք է ևս մեկ անգամ պարտավորվենք, որ առաջիկա տարիների ընթացքում անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում, հատկապես երկրաշարժի հետևանքով ծառացած խնդիրները»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Նրա խոսքով` բնակարանաշինական խնդիրների հետ կապված ծրագրերի մասին ավելի ստույգ կհայտարարվի առաջիկայում՝ ՀՀ կառավարության՝ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի հետ նախատեսվող նիստից հետո:
Ծաղիկներ` 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին (7 դեկտեմբերի 2021). Գյումրի