ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին, եթե նման անհրաժեշտություն լինի։ Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal–ը, այսօր կայացած ասուլիսի ընթացքում այդ մասին ասել է «Pfizer» դեղագործական ընկերության ղեկավար Ալբերտ Բուրլան։
«Եթե պատվաստանյութի անհրաժեշտություն լինի, մարտին կունենանք։ Ես չգիտեմ՝ իսկապես նման անհրաժեշտություն կառաջանա, թե ոչ։ Կիմանանք մի քանի շաբաթից»,-ասել է Բուրլան։
Առայժմ մասնագետները միասնական կարծիք չունեն այն մասին, թե գոյություն ունեցող պատվաստանյութերն որքանով են արդյունավետ «Օմիկրոնի» դեմ։
Ըստ Բուրլայի կանխատեսումների՝ մոտ ապագայում այդ մանրէահիմքով վարակվածների թիվը միլիոնների կհասնի։ Մինչև տարեվերջ հստակեցված կլինեն «Օմիկրոնի» հիմնական բնութագրերը։
Գործող տեսության համաձայն՝ «Օմիկրոնն» ավելի արագ է փոխանցվում, սակայն բնութագրվում է հիվանդության ավելի թեթև ընթացքով։