ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի առաջին կնոջ` Ժոզեֆինայի երկու թագերն ավելի քան 760 000 դոլարով վաճառվել են աճուրդում։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։
19-րդ դարասկզբի թագերը՝ զարդարված թանկարժեք քարերով, աճուրդի են հանվել Sotheby's աճուրդի տանը։
Մեկը վաճառվել է 450 600 ֆունտով (597 360 դոլար), ինչը 200 000-300 000 ֆունտով շատ է նախնական գնից։ Այն առաջարկվել է զույգ ականջօղերի, սանրի և գոտու համար նախատեսված զարդի հետ։
«Սա վաղ ոսկերչական զարդերի շատ հազվադեպ նմուշ է, որը, ինչպես ենթադրվում է, կրել է կայսրուհի Ժոզեֆինա Բոնապարտը», - ասել է լոնդոնյան աճուրդ տան ոսկերչական բաժնի ղեկավար Քրիստիան Սպոֆորտը:
Երկրորդ գլխազարդը, որի վրա պատկերված են Զևսի, Դիոնիսոսի, Մեդուզայի, Պանի և Գեայի գլուխները, վաճառվել է 126 000 ֆունտով։