Կառուցենք ամուր տուն–հայրենիք. նախագահը՝ Սպիտակի երկրաշարժից հետո ապրելու մասին

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 25 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մխիթարանքի և զորակցության խոսքեր է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով իրենց հարազատներին, ընտանիք ու տուն կորցրած հայրենակիցներին։ Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում։
«Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը: Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»,– նշել է Արմեն Սարգսյանը:
Քոչարյանի անունից Գյումրիում ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Հավելենք, որ այսօր Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ։
Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազարը, իսկ անօթևան է դարձել 514 հազար մարդ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: