ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի Facebook-ի պաշտոնական էջից։
«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, քանի որ ակնհայտ ապօրինի կալանավորված են»,– նշում են «Հայաստան» դաշինքից և հավելում, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ։
Մասնակցությունը կասեցնում են այնքան ժամանակ, մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:
Դաշինքից հայտնում են, որ խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը:
«Նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս: Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ ներկա պահին «Հայաստան» խմբակցությունից կալանավորված են «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։