ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դիրքերում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվում, քանի որ գործող իշխանությունների համար միշտ ձմեռ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով դիրքերի ամրապնդմանը։
«Իշխանական պատգամավորները գնում, նկարվում և ասում են՝ ճանապարհն անվտանգ է, բայց դրանից մի քանի ժամ հետո այդ ճանապարհին մաքսային կետ է տեղադրվում։ Իսկ ինչ վերաբերում է ամրաշինական, ինժեներական աշխատանքներին, ապա իշխանությունների համար միշտ ձմեռ է և հնարավորություն չկա իրականացնելու ամրաշինական աշխատանքներ»,–ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ ձմռանը իշխանությունը կարողանում է ընտրություններից առաջ «ասֆալտ փռել» Վանաձորում, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարվա ընթացքում չեն կարողանում իրականացնել։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունները շատ ու շատ գործողություններ իրականացնում են այն տրամաբանությամբ, որ հանկարծ չբարկացնեն թշնամուն։
«Զինվորները լուսանկարում են, որ քամին իրենց կեցավայրը ծածկող տենտը տարել է և մնացել են բաց երկնքի տակ։ Այս պարագայում իշխանությունը չի կարող հղում անել ո՛չ անցյալին, ո՛չ նախորդիվ կնքված փաստաթղթերին, թալանածին։ Սա իրենց պատասխանատվությունն է, որը ձախողել են»,–նշեց նա։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 25-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ իշխանությունը ժամանակին ոչ մի քայլ չի ձեռնարկել պաշտպանության, ինժեներական կառույցների արագ ձևավորման համար։ Օհանյանը նշել էր, որ իշխանությունն առաջնագծի արագ կահավորման գործընթացը չիրականացրեց` երկիրը կանգնեցնելով այսօրվա աղետի առջև։