ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինն իրենց թիմերին հանձնարարել են շարունակել շփումը։ Երկու երկրի առաջնորդների բանակցություններից հետո այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահներն իրենց թիմերին հանձնարարել են շարունակել (բանակցությունները), և ԱՄՆ-ն կանի դա դաշնակիցների և գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Պուտինն ու Բայդենը քննարկել են ռազմավարական կայունության, կիբեռհանցագործությունների շուրջ երկխոսությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը, անդրադարձել են նաև Իրանին:
Հիշեցնենք, որ Պուտինն ու Բայդենը մոտ 2 ժամ տևողությամբ բանակցություններ են անցկացրել այսօր։ Հանդիպումն ընթացել է տեսակապի փակ ալիքով։ Լրագրողներին ցուցադրել են շփման առաջին կադրերը, այնուհետև հանդիպումն անցել է փակ ռեժիմով:
Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։ Առաջին բանակցությունները՝ առկա ձևաչափով, Ժնևում էին անցկացվել այս տարվա հունիսին։
Նշենք, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել 2022թ․-ին։