ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի կտա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։
Հայտնել էինք, որ Մանուկյանն ասել էր, թե Սիմոնյանի եղբայրը «ԵվրոԱսֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ ընկերությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ։
«Տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածներն ապացուցել` հակառակ պարագայում գումար կվճարի և Ազգային ժողովի ամբիոնից կհերքի իմ մասին արած հայտարարությունները»,–ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած հայտարարությունը որպես սուտ որակեց։ Սիմոնյանը կոչ արեց մնալ կառուցողական դաշտում` հակառակ պարագայում հերթով, անուն առ անուն կասի այն ամենը, ինչ բոլորը գիտեն նախկին նախագահի պաշտոնը զբաղեցնողների, ընդդիմադիրների մասին։ «Մի ստիպեք մտնել այդ դաշտ` այդ դաշտում դուք մոտակա 50 տարիներին պարտված եք լինելու»,–ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր, որ Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը և պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ: Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է, որը ներառում է 20 տոկոս ԱԱՀ-ն:
Իսկ ընդհանրապես, ըստ կայքի, 2020 թ. մարտի 18-ին հիմնադրված «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը հասցրել է 16 անգամ հայտ ներկայացնել ՏԿԵՆ-ի, Արթիկի, Աշտարակի և Ապարանի համայնքապետարանների հայտարարած մրցույթներին, որոնք բոլորն էլ վերաբերել են ճանապարհների վերանորոգմանը: 16 հայտից միայն 4-ն են դրական գնահատվել, մյուսները մերժվել են, բայց դրական գնահատվածներից էլ 2-ի դեպքում է ՓԲԸ-ն հաղթող ճանաչվել: